ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Իսկ ո՞ւմ է հարկավոր դատարկ կամ կիսադատարկ Հայաստանը

2012-10-10

   Հոկտեմբերի 12-ին Երևանում նախատեսված է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Դատելով նախընթաց հայտարարություններից, այդ նիստում սուր քննարկում է սպասվում Հայաստանից Ռուսաստան մարդկանց արտագաղթելու, ավելի ճիշտ՝ արտագաղթեցնելու թեմայով։ Երեկվա ասուլիսում այս խնդրին անդրադարձել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, որը կոշտ է արձագանքել հարցին:  Ըստ էության արձագանքել է մոտ մեկ շաբաթ առաջ, նույն թեմայով ԱԺ պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի արած հայտարարություններին։ «Մի՞թե հարցը ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչությունն է, եթե հայերը ձգտում են Ռուսաստան: Նրանց ստիպողաբա՞ր են այնտեղ տանում», - ըստ news.am-ի տեղեկատվության, ասել է Ռուսաստանի դեսպանը: Նրա խոսքով, եթե մարդիկ հեռանում են Հայաստանից, դրա համար օբյեկտիվ պատճառներ ունեն, և դա կապ չունի ԴՄԾ-ի ներկայացուցչության հետ։  «Հայերին ոչ ոք ստիպողաբար Ռուսաստան չի քշում: Եթե ԴՄԾ-ի ներկայացուցչությունը փակվի, ներգաղթը դրանով չի դադարի», - հայտարարել է Վ.Կովալենկոն: Նա  համեմատություն է տարել ԱՄՆ «Գրին քարտ» ծրագրի հետ՝ նշելով, որ այդ քարտով Հայաստանն ավելի շատ մարդ է լքել, քան ԴՄԾ-ի միջոցով: Դեսպանի խոսքով, 2007-ից մինչ օրս ընտանիքներով 5 հազարից ավելի մարդ ԱՄՆ է մեկնել, ԴՄԾ-ի գծով` 5 հազարից քիչ: «Ինչի՞ համար է աղմուկը: Ինչի՞ մասին է խոսքը»,- ասել է ռուս դեսպանը, նշելով, թե այս թեմայի առնչությամբ հարցը ոչ միայն կոռեկտ չէ, այլև այնքան էլ խելացի չէ:   

(«Հայոց  աշխարհ», էջ 1,3)