ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Պետական ծրագրերով ժամանող աշխատանքային միգրանտներին Սիբիրում չեն սպասում

2011-10-18

 

Կրասնոյարսկի երկրամասում միգրանտների նկատմամբ վերաբերմունքը երկակի է։ Մի կողմից նրանք անհրաժեշտ են տարածաշրջանի համար կարևոր ոլորտներում, հատկապես, շինարարության և գյուղատնտեսության բնագավառներում աշխատելուհամար, մյուս կողմից տեղաբնակները վախենում են. միգրանտների ներկայությունը կարող է ազգամիջյան բախումների պատճառ դառնալ։ Իսկ փորձագետները կարծում են, որ խնդրի նկատմամբ պետք է ցուցաբերել հավասարակշիռ մոտեցում։

Այս մասին գրում է «Նեզավիսիմայա գազետան» պարբերականը՝ անդրադառնալով ՌԴ իշխանությունների կողմից վերջին շրջանում իրականացվող միգրացիոն ծրագրերի իրականացմանը։

«Այս տարվա ութ ամիսների ընթացքում Ենիսեյի մերձափնյա շրջաններում միգրանտների թիվն ավելացել է 17 հազարով։ Երկրամասում միգրանտների մեծ մասը՝ 88,9%, կազմում են ԱՊՀ երկրների ներկայացուցիչները։ Նրանցից 54,3%–ը Տաջիկստանից և Ղըրղզստանից են, մոտ 14,2% –ը՝ Ադրբեջանից, 9,9% –ը՝ Ուզբեկստանից և միայն 7,4% –ը՝ Հայաստանից։ Իսկ թե երկրամասում ինչքան է կազմում միգրանտների թիվը, ոչ ոք չգիտի։ Սակայն շատ բանի մասին է ասում այս հետաքրքիր փաստը՝ Կրասնոյարսկի Լենինյան շրջանի դպրոցներից մեկում սովորում են 16 ազգությունների ներկայացուցիչներ։ Դպրոցի աշակերտների 39%–ն օտարերկրացիներ են, իսկ դպրոցի ուսուցիչների կարգախոսն է. «Մենք մեկ ազգություն ունենք՝ աշակերտները»։

Թերթը գրում է, որ երկրամասի իշխանությունները չեն ողջունում իրենց շրջանում աշխատանքային միգրանտների ներկայությունը։

«Ես արգելել եմ կառավարությանն առանց հատուկ մանրակրկիտ վերլուծության օտարերկրա աշխատուժի ներգրավման լրացուցիչ քվոտա ներկայացնել։ Կադրային խնդիրներն օտարերկրյա աշխատուժի հաշվին լուծելը թեթևամտություն է, անհեռատես մոտեցում»,– հայտարարել է Կրասնոյարսկի նահանգապետ Լև Կուզնեցովը։

«Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ երկրամասի իշխանությունների կողմից միգրանտների թվի կրճատման փորձերն իրենց հերթին նպաստում են ստվերային բիզնեսի զարգացմանը։

«Կրասնոյարսկում հայտնաբերվել են աշխատանքի թույլտվության կեղծ փաստաթղթեր։ Բացի այդ, օտարերկրացիներն աշխատանքի թույլտվություն ստանալու համար կեղծ ամուսնություններ են կնքում տեղի բնակիչների հետ։ Սակայն միգրանտների հետ կապված պրոբլեմները չեն սահմանափակվում միայն քրեական խնդիրներով։ Կրասնոյարսկի բժիշկները վերջին շրջանում ԱՊՀ երկրներից ներգաղթած քաղաքացիների մոտ սկսել են ավելի հաճախ հայտնաբերել այնպիսի վտանգավոր հիվանդություններ, ինչպիսին, օրինակ, թոքախտն է»,– գրում է պարբերականը՝ ավելացնելով, որ ՌԴ կառավարության կողմից մշակված ծրագիրը վերաբերել է ոչ թե Սիբիրում օտարերկրյա, այլ տեղի աշխատուժի ներգրավմանը Ռուսաստանի հարավային շրջաններից։

«Այդ որոշումից հետո Ենիսեյի ափերին այդ ծրագրի դեմ անցկացվեցին լայնամասշտաբ բողոքի ակցիաներ։ Սակայն երկրամասի իշխանությունները տեղի բնակչությանը հանգստացրին՝ ասելով, թե Կովկասից հյուրերը որևէ վտանգ չեն ներկայացնեում տեղական աշխատուժի շուկայի համար»,– գրում է «Նեզավիսիմայա գազետան»։