ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«Ժողովրդագրական նոր քաղաքականության մշակում և հայրենադարձության համար պայմանների ստեղծում. իրակա՞ն, թե՞ անիրականանալի առաքելություն նոր Հայաստանում». Միգրացիոն ծառայության պետի դիտարկումները

2018-07-20

           Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) գրասենյակում տեղի ունեցավ «Ժողովրդագրական նոր քաղաքականության մշակում և հայրենադարձության համար պայմանների ստեղծում. իրակա՞ն, թե՞ անիրականանալի առաքելություն նոր Հայաստանում» խորագրով սեմինարը: Քննարկումը ընթացավ ժողովրդագրական և միգրացիոն հարցերի, փորձագիտական տեսակետների ներկայացման և լուծումների առաջարկման ձևաչափով, մասնավորապես՝ ՄԱՀՀԻ ասոցացված և հրավիրյալ փորձագետները համառոտ ներկայացրեցին իրենց դիտարկումները Հայաստանում առկա ժողովրդագրական իրողությունների, միգրացիայի, հայրենադարձության հետ կապված խնդիրների և դրանց լուծմանն ուղղված քայլերի վերաբերյալ:

«Տարածաշրջանի ամենաշարժունակ բնակչություններից մեկն ունենք, և չնայած փոփոխություններին, այսօր ևս միգրացիան պետության կարևորագույն խնդիրներից մեկն է».-արձանագրեցին բանախոսները։

Ի պատասխան բարձրաձայնված խնդիրների՝ ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը արձանագրեց, որ միգրացիոն սալդոն տարիներ շարունակ Հայաստանի համար բացասական արդյունք է գրանցել, դրական եղել է միայն 2004-2006թթ, և կարևորեց դրա նկարագրված պատճառները։ «Պատճառներից մոտավորապես 70-80 տոկոսը տնտեսական հիմնավորում ունեն։ Այսինքն՝ եթե ակնկալենք, որ քաղաքական դաշտի փոփոխությունների արդյունքում միգրացիոն պատկերը փոխվելու է, դա կլինի թյուր ընկալումների մի ամբողջ շղթա».-փաստեց նա՝ հղում անելով տարբեր անհատական հետազոտությունների։ «Անշուշտ սոցիալ-հոգեբանական գործոնները ևս էական նշանակություն ունեն միգրացիոն վարքի վրա ազդեցության առումով, որի վառ վկայությունն են 2018 թ-ի սահմանահատումների վերաբերյալ առաջին եռամսյակի տվյալները, որոնք արդեն ունենք»,- ասաց Ա. Ղազարյանը՝ արձանագրելով, որ միգրացիոն սալդոն կազմում է -577՝ անցյալ տարվա առաջին եռամսյակի -16000-ի դիմաց։ Ծառայության պետը նկարագրած պատկերը պայմանավորեց տնտեսական աճով՝ 2017 թ-ի 7.5 % ցուցանիշով։ «Այս ցուցանիշները ուղղակիորեն ազդում են պրոցեսի վրա։ Ես նույնիսկ ակնկալում եմ, որ երկրորդ եռամսյակում մենք կարող ենք արձանագրել դրական ցուցանիշներ»,-ավելացրեց նա։

Երկրորդ եռամսյակի սահմանահատումների տվյալները Ա. Ղազարյանը չնշեց, քանի որ տվյալները դեռ չկան, սակայն հույս հայտնեց, որ ընդհանուր պատկերը պարզ կլինի մոտավորապես երկու շաբաթից, երբ Վիճակագրական ծառայությունը դրանք ամփոփի։ «Ես կարծում եմ, որ նույնիսկ հնարավոր է, որ մենք մինուսից դուրս գանք և դրական ցուցանիշ արձանագրենք՝ հաշվի առնելով այն քաղաքական փոփոխությունները, որ երկրում տեղի են ունեցել, որոնք մեծ մասով ազդում են հենց այդ սոցիալ-հոգեբանական գործոնի վրա»,-կանխորոշեց ծառայության ղեկավարը։

Եվս մեկ հետազոտության տվյալներ հիշատակվեցին պետի խոսքում, որից նա մասնավորապես մեջբերեց մարդկանց մեկնելու պատճառները հենց մեկնողների մեկնաբանությամբ՝ «վաղվա օրը չգիտենք ոնց կլինի», «արդարություն չկա» և այլն. «Խոսակացական լեզվի այս ամբողջ դիսկուրսը, եթե փորձենք ամփոփել մասնագիտական, փորձագիտական տեսանկյունից, հիմնական խնդիրը ստրատեգիական տեսլականի բացակայությունն է։ Հիմա, եթե մարդկանց մոտ առաջանա որոշակի ստրատեգիական տեսլական իրենց կյանքի կառուցման տեսանկյունից, իմ կարծիքով այս ցուցանիշները էականորեն կփոխվեն»։

Միգրացիայի կարգավորման վերաբերյալ էլ պետը նշեց միգրացիայի պետական կարգավորման հայեցակարգը և դրան համապատասխան 2017-2021 թթ-ի համար նախատեսված գործողությունների ծրագիրը։ «Մենք դեռևս մնում ենք այդ ծրագրի շրջանակներում, որովհետև փորձում ենք ապահովել պետական կառավարման անցման շարունակականություն։ Չի կարելի ծրագրերը կիսատ թողնել կամ կտրել միանգամից՝ աշխատանքային փուլում, պետք է հասկանալ դրանք։ Ես այս պաշտոնում եմ արդեն մեկ ամիս և  չեմ կարող ասել, որ միանգամից վերցնելու եմ ռազմավարությունը, որն ընդունված է տարիների համար, հենց վաղը-մյուս օրը փոխելու եմ, ոչ։ Իմ կարծիքով դա սխալ կլինի»,- նշեց նա՝ այդուհանդերձ ներկայացնելով նաև Հայաստանում ինտեգրման հարցերի կարգավորման դաշտում իրականացվող փոփոխությունները։ Նա ներկայացրեց, որ կառույցն զբաղվում է փախստականների, փախստական ճանաչված ապաստան հայցողի, վերադարձող միգրանտների ինտեգրման խնդիրներով, որոնց վերաբերյալ ևս հայեցակարգ և գործողությունների ծրագիր կա։ «Դրա մեջ նախատեսում ենք որոշակի փոփոխություններ, և այդ առումով աշխատում ենք նաև Սփյուռքի նախարարության հետ, քանի որ դա նաև իրենց վարչարարության դաշտն է»,-նշեց Ա. Ղազարյանը՝ ներողություն խնդրելով, որ չի ներկայացնում շատ մանրամասներ. «Աշխատանքային պրոցես է, հուսանք լավ արդյունքներ կարձանագրենք ու դրա մասին ձեզ արդեն կտեղեկացնենք»,-ասաց Միգրացիոն ծառայության պետ Ա. Ղազարյանը։

(Արմեն Ղազարյանի խոսքը` 17-րդ րոպեցից)

Տեսագրությունը հասանելի է 1in.am լրատվական կայքի հետևյալ հղումով՝

https://www.youtube.com/watch?time_continue=10&v=6Aam1HoLl7g