ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում ապաստան հայցողների համար նախատեսված նոր «Հատուկ կացարան»-ի նախագիծը

2018-06-05

        «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցողները և նրանց ընտանիքի անդամները տեղավորվում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության ենթակայությամբ գործող ժամանակավոր տեղավորման կենտրոնում («Հատուկ կացարան» ՊՈԱԿ), որտեղ ապահովվում են կենսաապահովման պայմաններով (սնունդով ու հիգիենայի պարագաներով)` մինչև իրենց ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը:

 

«Հատուկ կացարան»-ը գործում է սկսած 2003թ.-ից. Այն տեղակայված է ք.Երևան, Մոլդովական 29/1 հասցեում, ներկայումս զբաղեցնում է Նորքի նախկին ուսանողական ավանի հանրակացարանի թիվ 1 մասնաշենքի 9-ը հարկանի շենքի 1-ին հարկի մի մասը և 2-րդ հարկը: Կացարանի տարողունակությունը սահմանափակված է 45 անձով, և Սիրիայում ծագած հակամարտությունը ցույց տվեց, որ <Հատուկ կացարան>-ի հնարավորությունները խիստ հեռու են բավարար համարվելուց: Պրակտիկայում շատ հաճախ արձանագրվել են դեպքեր, երբ հնարավորություն չի եղել ապաստան հայցողներին տեղավորել այնտեղ, ինչի հետևանքով հնարավորություն չի եղել նրանց համար ապահովել կենսաապահովման նվազագույն պայմաններ: 

 

Հայաստանի համար բավարար հզորությամբ նոր կացարան ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորված` ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 31-ի նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքակա­նության 2017-2021 թվական­ների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագրով» նախատեսված են մի շարք միջոցառումներ` նոր ժամանակավոր տեղավորման կենտրոն ստեղծելու ուղղությամբ: 

 

ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի կողմից ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայությանը 2017թ. թվականի սեպտեմբեր ամսին Աբովյան քաղաքում հատկացվել է 2,5 հեկտար հողատարածք` նոր հատուկ կացարանի կառուցման նպատակով:

 

ՄՔԶՄԿ (ICMPD) հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հրավիրվել է միջազգային փորձագետ Լեհաստանից, ով կատարել է ապաստան հայցողների համար նախատեսված ժամանակավոր տեղավորման կենտրոնի պայմանների ուսումնասիրություն, համեմատական վերլուծություն ԵՄ երկրներում առկա պայմանների հետ: Վերջինս ներկայացրել է իր եզրահանգումները` նոր կացարան ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ: Այդ հարցով Խորվաթիայից նույնպես հրավիրվել է փորձագետ:

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն միգրացիայի և սահմանների կառավարմանը» ծրագրի շրջանակներում պատրաստ է նոր կացարանի նախագիծը: Կացարանը նախատեսված է լինելու 120 ապաստան հայցողների համար և համապատասխանելու է միջազգային չափանիշներին:

 

Ապաստան հայցողների համար ժամանակավոր տեղավորման նոր կենտրոնի կառուցման համար հնարավոր ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով բանակցություններ են վարվելու ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԵՄ անդամ և ոչ անդամ պետությունների հետ /Գերմանիա, Ֆրանսիա, Չեխիա, Անգլիա, Ճապոնիա, ԱՄՆ և այլն/: