ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ինտեգրման հարցերով ֆորումի առաջին հանդիպումը

2018-04-17

Սույն թվականի ապրիլի 13-ին տեղի ունեցավ ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ինտեգրման հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ֆորումի առաջին հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում էին պետական կառույցների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ­ներ:

Հանդիպման մասնակիցներին ողջունեց ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության պետ՝ Գ. Եգանյանը, ով անդրադարձ կատարեց ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց ինտեգրման քաղաքականության մշակման գործընթացին, ֆորումի ստեղծման նպատակին և շեշտեց, որ առանց բոլոր կողմերի միջև համագործակցության ինտեգրման գործընթացը չի կարող լինել արդյունավետ:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին ֆորումի կանոնադրության նախագիծը և դրա վերաբերյալ մասնակիցներից ստացված առաջարկությունները և դիտողությունները, ներկայցվեցին ինտեգրման ուղղությամբ արդեն իսկ իրականացվող պետական ծրագրերը, մասնավորապես քաղաքացիական կողմնորոշման, հայոց լեզվի դասընթացները և բնակարաններ վարձակալելու համար փոխհատուցման տրամադրման ծրագիրը:

Հանդիպման վերջում ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչը տեղեկացրեց Միջազգային փրկարարական կոմիտեի կողմից International Rescue Committee 2018 թ. մայիսի 15-16-ը Երևանում իրականացվելիք փախստականների/իմիգրանտների տնտեսական ինտեգրմանը նվիրված ուսուցման ծրագրի մասին: