ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2017-12-26

2017 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 10:00-ին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության նոր վարչական շենքում կայացավ հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների համար:

Միջոցառման ընթացքում ԶԼՄ ներկայացուցիչներին ներկայացվեցին Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող “Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում” (MIBMA) ծրագրի (այսուհետ` ՄԻԲՄԱ ծրագիր) ընթացքի արդյունքները, ինչպես նաև ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության կողմից մշակված երկու նոր տեղեկատվական ինտերնետային համակարգերը:

Անցած 2 տարիներին ծրագրի գործունեության մասին հաղորդմամբ հանդես եկավ ծրագրի ղեկավար պարոն Կարել Հոֆստրան:

ՄԻԲՄԱ ծրագիրն իր գործունեությունը սկսել է 2016 թվականից ապրիլից: Այն լրջագույն դերակատարում է ունեցել Հայաստանի միգրացիոն քաղաքականությունը սահմանող փաստաթղթերի մշակման գործընթացում:

  • Մշակվել է “ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը” (հաստատվել է 2017 թ. օգոստոսի 31-ին ՀՀ կառավարությունը թիվ 37 արձանագրային որոշմամբ): Փաստաթղթում ներառված են միգրացիոն ոլորտի 8 գերակա ուղղություններ,  սահմանված են 173 կոնկրետ գործողություններ, դրանց կատարման ժամկետներն ու պատասխանատուները:
  •  “ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձանց, ինչպես նաև երկրաժամկետ իմիգրանտների ինտեգրման քաղաքականության հայեցակարգի իրականացմանն ուղղված գործողությունների ծրագիրը” (հաստատվել է 2017 թ. փետրվարի 23- ի ՀՀ կառավարության թիվ 8 անձնագրային որոշմամբ): 2018թ-ից առաջին անգամ այդ կատեգորիայի անձանց ինտեգրման համար կկազմակերպվեն կողմնորոշման դասընթացներ, ինչպես նաև սուբսիդիա կտրամադրվի բնակարաններ վարձակալելու համար: Առաջիկայում նրանց համար կկազմակերպվեն նաև հայոց լեզվի դասընթացներ: Ընդհանուր առմամբ 2018թ-ի պետական բյուջեում նախատեսված է 18.158.000 մլն դրամ այդ նպատակով:
  • 2017 թվականի  հոկտեմբերի 19-ի ՀՀ  կառավության արձանագրային թիվ 44 որոշմամբ հաստատվել է “Հայաստանի Հանրապետության ընդլայնված միգրացիոն պրոֆիլի կառուցվածքը և ցուցանիշների ցանկն” է: Ընդլայնված միգրացիոն պրոֆիլ վերլուծական զեկույցը համապարփակ փաստաթուղթ է, որը պարունակում է մանրամասն վիճակագրական և վերլուծական տեղեկատվություն երկրի ընդհանուր միգրացիոն իրավիճակի վերաբերյալ:  Ցուցանիշների ցանկում ընդգրկված են միգրացիոն ոլորտի ավելի քան 140 ցուցանիշներ:

 

 

Բացի քաղաքականությունը սահմանող փաստաթղթերի մշակումից ՄԻԲՄԱ ծրագիրը իր աջակցությունն է բերել հետևյալ հարցերում.

  • Ռեադմիսիոն հայցերի կառավարման էլեկտրոնային համակարգի ներդնում, որի շնորհիվ պետք է ապահովի անձի վերաբերյալ ռեադմիսիոն հայցի և դրա  վերաբերյալ պատասխանի  փոխանցման ավարտական գործընթացի իրականացումը էլեկտրոնային համակարգի միջոցով: Այս համակարգի ներդնումը կարևոր նախադրյալ է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում:
  • Մասնագիտացված  կազմակերպության կողմից իրականացվել է «Ներդրողների իմիգրացիա»  ուսումնասիրությունը (հասանելի է հետևյալ հղումով` http://smsmta.am/upload/Arton_Report_ARM_Complete.pdf): Զեկուցի հեղինակների գնահատմամբ` օտարերկրյա քաղաքացիներին Հայաստանում դյուրացված բնակության իրավունք տալու ճանապարհով 6 տարվա ընթացքում հնարավոր է ապահովել 108 մլն ԱՄՆ դոլար ներդրումներ:
  • ՄԻՄԲԱ ծրագրի կողմից մշակվել է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում 120 անձի համար նախատեսվող ապաստան հայցողների ընդունման նոր կենտրոնի կառուցման նախագծային առաջարկը: ՀՀ կառավարության կողմից այդ նպատակով հատկացվել է 2.5 հա տարածք և ակնկալվում է շինարարությունն իրականացնել միջազգային կազմակերպությունների աջակցությամբ (արժեքը մոտավորապես 1.5 մլն ԱՄՆ դոլար):
  • Ծրագրի օժանդակությամբ ապաստան հայողներին տրամադրվող ինքնությունը հաստատող թղթային քարտերը փոխարինվել են համակարգչային տպագրության պլաստիկ քարտերով:
  • Միգրանտների կողմից կատարվող դրամական փոխանցումները դյուրացնելուն ուղղված  վեբ-կայքի ստեղծում (www.sendmoneyarmenia.am): Այն հնարավորություն է տալիս արտերկրում գտնվող մեր միգրանտներին մշտապես թարմացվող արժանահավատ տեղեկություններ ունենալ այդ պետություններից դեպի Հայաստան դրամական փոխանցումներ իրականացնող կազմակերպությունների առաջարկների վերաբերյալ (դրամական փոխանցման վճարի չափը, արագությունը և այդ գործընթացի վերաբերյալ այլ պարամետրեր) և արդյունքում ընտրել իրեն ամենահարմար օպերատորին: Ըստ գնահատականների փոխանցման վճարների միայն 5% կրճատման դեպքում հնարավոր կլինի տնտեսել շուրջ 20մլն ԱՄՆ դոլար գումար:  
  • Էլեկտրոնային միգրացիոն գրադարանի ստեղծում (http://www.miglib.org/): Այն իրենից ներկայացնում է միգրացիոն հարցերով խիստ համակարգված ընդարձակ տեղեկատվական ռեսուրս և օգտակար կարող է լինել ուսանողների, հետազոտողների և միգրացիոն հիմնախնդիրներով զբաղվող մասնագետների ու կազմակերպությունների համար: