ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Ապաստանի ընթացակարգերի որակի վերաբերյալ աշխատաժողով Կիևում

2017-10-09

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի և Մոլդովայի գրասենյակների կողմից իրականացվող «Ապաստանի համակարգերի բարելավման նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում ս.թ. սեպտեմբերի 20-21-ը Կիևում անցկացվեց ապաստանի ընթացակարգերի որակի վերաբերյալ աշխատաժողով:

Հայաստանից աշխատաժողովին մասնակցեցին ՀՀ ՏԿԶՆ միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ռուզաննա Պետրոսյանը, ապաստանի հարցերի բաժնի պետ Պետրոս Աղաբաբյանը և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության իրավախորհրդատու Արթուր Թունանյանը:

Մասնակիցներն ակտիվ քննարկումներ ծավալեցին միջազգային պաշտպանության մասին ՄԱԿ ՓԳՀ-ի թիվ 12 փաստաթղթի շուրջ, որը վերաբերում է զինված հակամարտությունների կապակցությամբ փախստականի կարգավիճակ տրամադրելու հարցերին:

ՄԱԿ ՓԳՀ-ի Ժնևի գրասենյակի ներկայացուցչների կողմից մասնակիցներին ներկայացվեցին փաստաթղթի  մշակման նախադրյալները, կիրարկման շրջանակը և կոնկրետ ասպեկտները (հետապնդումների զոհ դառնալու հիմնավոր երկյուղ, անհատական և խմբային ռիսկեր, սեռական և գենդերային բռնություն, հետապնդման գործակալներ, ներքին տեղահանման այլընտրանք և այլն):

Ռ.Պետրոսյանը հանդես եկավ ելույթով «Հայաստանում ապաստանի դիմումների քննարկման որակի ապահովման մեխանիզմները» թեմայով: Պ.Աղաբաբյանը մասնակիցներին ներկայացրեց զինված հակամարտությունների հիմքով ապաստանի դիմումների քննարկման վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը և պրակտիկան:

Մասնակիցների կողմից նպատակահարմար գտնվեց ՄԱԿ ՓԳՀ-ի ծրագրի շրջանակներում ապաստանի ընթացակարգերի որակի վերաբերյալ թեմատիկ աշխատաժողովների շարունակական անցկացումը: