ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ստացած անձանց հետ կապված այլ հարցեր

 Փախստականները ե՞րբ կարող են ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն

«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձինք կամ օտարերկրյա քաղաքացի չհանդիսացող նախկին ԽՍՀՄ այլ հանրապետությունների քաղաքացիները մինչև 2012  թվականի դեկտեմբերի 31-ը կարող են դիմել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու համար

Դատարաններում պետական տուրքի գծով ի՞նչ արտոնություններ է տրվում փախստականներին

«Պետական տուրքի մասին­­» ՀՀ օրենքի համաձայն՝ փախստականի կարգավիճակ ստացած անձինք իրենց խախտված բնակարանային իրավունքները վերականգնելու վերաբերյալ դատարաններ հայցեր ու բողոքներ ներկայացնելիս ազատվում են պետական տուրքի վճարումներից:

Ի՞նչ պայմաններով փախստականներն  իրավունք ունեն  ՀՀ տարածքում աշխատանք փնտրել և աշխատել

Նույն պայմաններով, ինչ ՀՀ քաղաքացիները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Ի՞նչ կարգով ՀՀ-ում փախստականներն իրավունք ունեն զբաղվելու ձեռնարկատիրական գործունեությամբ

 ՀՀ քաղաքացիների համար սահմանված կարգով

Ինչպիսի՞ պաշտպանություն է տրամադրվում փախստականներին` մտավոր սեփականության իրավունքների նկատմամբ

ՀՀ-ում ապաստան ստացած փախստականներին գյուտի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ֆիրմային անվանումների, ինչպես նաև  գրակա-նության, արվեստի և գիտական ստեղծագործությունների սեփականության իրավունքների նկատմամբ տրամադրվում է նույն պաշտպանությունը, ինչ ՀՀ քաղաքացիներին:

Ո՞ր դեպքում փախստականներն իրավունք ունեն օգտվելու ՀՀ օրենսդրությամբ ՀՀ քաղաքացիների համար սահմանված սոցիալական ծառայություններից, ստանալու պետական նպաստներ և դրամական այլ օգնություններ, ժամանակավոր անաշխատունակության, արտադրությունում աշխատանքային խեղման, դժբախտ պատահարների և մասնագիտական հիվանդությունների դեպքերի համար տրվող նպաստներ, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային ապահովություն, գործազրկության դեպքում` սոցիալական պաշտպանության իրավունք

Եթե նրանք բավարարում են տվյալ ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները:

Ինչպիսի՞ իրավունքներ  ունեն  ապաստան ստացած փախստականները` հիմնական ընդհանուր կրթության հարցում

ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ:

Ինչպիսի՞ իրավունքներ ունեն փախստականները` ուսուցման մատչելիության, օտարերկրյա դպրոցական վկայագրերի, դիպլոմների ու գիտական աստիճանների ճանաչման, տուրքերից և վճարումներից ազատման, ինչպես նաև կրթաթոշակների շնորհման հարցում

Օտարերկրյա քաղաքացիներին հավասար իավունքներ:

Ո՞վ կարող է ստանալ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ

16 տարեկանը լրացած` Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստացած փախստականը:

Ո՞մ փաստաթղթում են լրացվում մինչև 16 տարեկան փախստականի տվյալները

Նրա ծնողների կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթում:

ՄԻնչև 16 տարեկան ո՞ր փախստականին կարող է տրամադրվել կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ

Առանց ուղեկցողի կամ ընտանիքից անջատված փախստականին տրամադրվում է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ, որը չի կարող օգտագործվել առանց խնամակալի ՀՀ-ից դուրս գալու դեպքում:

Քանի՞ տարի է վավերական կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը

2 տարի, որից հետո փախստականի դիմումի հիման վրա փաստաթղթի վավերականության ժամկետը յուրաքանչյուր անգամ երկարացվում է ևս 2 տարով:

Ի՞նչ ժամկետում է տրվում կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը

Դիմումը ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում:

Ո՞ր դեպքերում կարող է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը փոխանակվել նոր կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով

Դրանում պարունակվող տեղեկությունները փոփոխվելու, գրառումներում անճշտություններ հայտնաբերվելու, օգտագործելու համար ոչ պիտանի լինելու դեպքում:

Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի փոխանակման համար

Դիմում, փոխանակման ենթակա փաստաթուղթը և 35x45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար

Ի՞նչ անել կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը կորցնելու դեպքում

Պատասխան. 10-օրյա ժամկետում այդ մասին հայտնել ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն, ՀՀ ոստիկանության մարմին, իսկ օտարերկրյա պետություններում փաստաթղթի կորստյան դեպքում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

Ու՞ր հանձնել կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը` ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կամ այլ պատճառով անձի փախստականի  ճանաչումը և ապաստանի տրամադրումը դադարեցվելու դեպքում

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

Ու՞ր հանձնել կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը օտարերկրյա պետությունում մշտական բնակություն հաստատելու դեպքում

Այդ պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

Ու՞ր հանձնել մահացած փախստականի կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը

Մահվան գրանցումը կատարող մարմնին, իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:

Կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի կորստի, փչացման կամ գողանալու դեպքում նոր փաստաթուղթը ի՞նչ ժամկետով է տրվում

Նախորդ փաստաթղթի վավերականության ժամկետով:

Ու՞ր հանձնել գտնված կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն:

Կարո՞ղ է կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը գրավ դրվել

Ոչ: Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը գրավ դնելն արգելվում է: