ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ </br>ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ պետական սահմանի անցման կետերում ու տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության և օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը սահմանելու մասին» (2013թ. հուլիսի 18-ի թիվ 783-Ն որոշում)

            ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

     Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

18 հուլիսի 2013 թվականի  N 783 - Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆԻ  ԱՆՑՄԱՆ

 ԿԵՏԵՐՈՒՄ  ՈՒ  ՏԱՐԱՆՑԻԿ  ԳՈՏԻՆԵՐՈՒՄ  ՀԱՏՈՒԿ  ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԵՎ  ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ  ԱՅՆՏԵՂ  ՊԱՀԵԼՈՒ

ԿԱՐԳԸ  ՍԱՀՄԱՆԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

            Համաձայն «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ     է.

   1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետե­րում ու տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության և օտարերկրա­ցիներին այնտեղ պահելու կարգը` համաձայն հավելվածի

   2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառա­վարության 2008 թվա­կանի փետրվարի 7-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային անցման կետերում և տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների գործունեության ու օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը սահմանելու մասին» N 127-Ն որոշումը:

      3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

        ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                  ՎԱՐՉԱՊԵՏ                                                                Տ. ՍԱՐԳՍՅԱՆ

 
   

 


                      2013 թ. հուլիսի 26

                              Երևան

 

 

 

Հավելված

 ՀՀ կառավարության 2013 թվականի

հուլիսի 18-ի N  783  - Ն որոշման

 

 

 

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՊԵՏԱԿԱՆ  ՍԱՀՄԱՆԻ  ԱՆՑՄԱՆ

 ԿԵՏԵՐՈՒՄ  ՈՒ  ՏԱՐԱՆՑԻԿ  ԳՈՏԻՆԵՐՈՒՄ  ՀԱՏՈՒԿ  ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ԵՎ  ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ  ԱՅՆՏԵՂ  ՊԱՀԵԼՈՒ

 

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական սահ­մանի անցման կետերում ու տարանցիկ գոտիներում հատուկ կացարանների  (այսուհետ` հատուկ կացարան) գործունեության և օտարերկրացիներին այնտեղ պահելու կարգը, կանոն­ները, հատուկ կացարաններից օտարերկրացի­ների ազատման հետ կապված հարաբերու­թյունները:               

2. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդ­վածի 1-ին մասով ու «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի (այսուհետ` սահմանապահ զորքեր) սահմանային վերահսկողության ստորաբա­ժանում­ների զինծառայողները (այսուհետ` սահմանապահներ) օտարերկրացիներին ուղեկցում են տարանցիկ գոտում գտնվող կամ այդ նպատակով անցման կետի տարածքում սարքավորված հատուկ կացարաններ:

3. Հատուկ կացարանը հուսալի փականներով փակվող դռներով սենյակ (շինություն) է` կից միջանցքով, որտեղ կբացառվի այլ անձանց ներթափանցումը, ինչպես նաև սահ­մանապահին հնարավորություն կընձեռվի մշտապես հսկողություն իրականացնելու այնտեղ պահվող անձանց նկատմամբ: Յուրաքանչյուր անցման կետում պետք է լինի առնվազն երկու սենյակ` տարբեր սեռերի անձանց,  տարբեր երկրների քաղաքացիներին (իր ցանկու­թյամբ), տարբեր կրոնների ներկայացուցիչներին առանձին պահելու համար: Հատուկ կացարանները պետք է ապահովված լինեն սեղանով, աթոռ­նե­րով, անշարժ պահարանով` ձեռքի իրերի և ուղեբեռի համար, կենցաղային իրերի կողապա­հարանով, մահճակալով (այդ թվում` մանկական), խոհանոցով, անկողնային պարագա­ներով, հեռուստացույցով, սպասքի պարագաներով, լվացարանով, սանհանգույցով, սենյակը մաքրելու պիտույքներով, կենցա­ղում օգտագործվող այլ առարկաներով (սրբիչ, օճառ, գոգաթիակ և այլն), հակա­հրդե­հային անվտանգության միջոցներով, օդափոխիչով: Օտարերկրացիներն անձնական հիգիենայի համար ապահովվում են նաև տաք ջրով` լողանալու հնարավորությամբ:

 

II. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ  ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ  ՊԱՀԵԼՈՒ  ԿԱՐԳԸ

4. Օտարերկրացիները հատուկ կացարաններում պահվում են սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության ստորաբաժանման պետի կամ նրան փոխա­րի­նող անձի որոշման հիման վրա: Հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիների վերաբերյալ գրանցում է կատարվում համապատասխան մատյաններում: Հատուկ կացա­րաններում օտարերկրացիների գրանցման մատյանի ձևը (լրացման կարգը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

5. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օտարերկրացիները հատուկ կացարան­ներում ժամանակավոր պահվում են` մինչև հանգամանքները պարզելը և նրանց նկատմամբ որոշում ընդունելը, իսկ Հայաստանի Հանրապետություն անօրինական մուտք գործած ապաստան հայցողներին` մինչև ապաստանի հայցի ընդունումն ու գրանցումը (հատուկ այդ նպատակով նախատեսված գրանցամատյանում)` դրա մասին տեղեկացնելով միգրա­ցիայի հարցերով  լիազոր մարմնին և ոստիկանության բնագավառում լիազորված պետա­կան կառավարման մարմնին:

6. Հատուկ կացարաններում չեն կարող պահվել «Օտարերկրացիների մասին» Հա­յաս­տանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասում նշված օտարերկրա­ցի­ները:

 

III. ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻՆ  ՀԱՏՈՒԿ  ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ  ՊԱՀԵԼՈՒ

 ԿԱՆՈՆՆԵՐԸ

 7. Օտարերկրացիները հատուկ կացարաններում կարող են պահվել «Օտարերկրա­ցիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածում ու «Փախստա­կանների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդ­վածի 6-րդ մասում նշված ժամկետներով ու կարգով:

8. Մինչև հատուկ կացարանում օտարերկրացիներին տեղավորելը` սահմանա­պահ­ներն օրենքով սահմանված կարգով իրավունք ունեն զննության ենթարկելու, իսկ անհրա­ժեշտության դեպքում, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «թ» կետի և «Սահմանապահ զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ժ» կետի համաձայն, վերցնելու նրանց իրերն ու փաստաթղթերը, որի վերաբերյալ կազմվում է արձանագրություն: Արգել­վում է օտար­երկրացիների անձնական զննումն իրականացնել հակառակ սեռի ներկայացուցչի կողմից:

9. Մինչև օտարերկրացիներին հատուկ կացարանում պահելը, ինչպես նաև կացա­րա­նում գտնվելու ամբողջ ընթացքում` առողջական վիճակն ստուգելու և վարակիչ հիվան­դու­թյուններով տառապող անձանց հայտնաբերելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպ­քում հետագա բժշկական հսկողության իրականացման  նպատակով նրանք հետազոտ­վում են անցման կետում գործող բուժկետի և սանիտարական-կարանտինային կետի անձնակազմի կողմից:

10. Օտարերկրացիներին պահելու համար հատուկ կացարանում ստեղծվում են`

1) տղամարդկանց, կանանց և (կամ) անչափահասներին առանձին պահելու սենյակ­ներ.

2) ընտանիքի համար նախատեսված սենյակ.

3) հիվանդների և հաշմանդամների համար սենյակ:

11. Հատուկ կացարաններում պահվող հաշմանդամ անձանց թույլատրվում է ունենալ հենակներ և պրոթեզներ:

12. Հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիներին առաջին բժշկական օգնություն ցույց է տրվում տվյալ անցման կետի բուժկետի բուժաշխատողի կամ շտապ բժշկական օգնության մասնագիտացված ծառայության կողմից: Հատուկ կացարանների սանիտարահակահամաճարակային հսկողությունն իրականացվում է տվյալ անցման կետի սանիտարական-կարանտինային կետի կողմից, իսկ վարակիչ հիվանդությունների արձանագրման ժամանակ առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրակա­նաց­վում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սանիտարական-կարանտինային կետերին կցված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների կողմից:

13. Հատուկ կացարաններում պահվող` ստացիոնար և մասնագիտացված բժշկա­կան օգնության կարիք ունեցող օտարերկրացիներն անցման կետում գործող բուժկետի բուժաշխատողի և սանիտարական-կարանտինային կետի մասնագետի կամ շտապ բժշկա­կան օգնության բժշկի կամ տվյալ սանիտարական-կարանտինային կետին կցված բժշկա­կան օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության գրավոր եզրակացու­թյամբ և դրա հիման վրա սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից կայացված  որոշ­­-

մամբ փոխադրվում են մասնագիտացված բժշկական հաստատություն:  

14. Հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիների նկատմամբ հսկողու­թյունն իրականացվում է սահմանային վերահսկողության ստորաբաժանման հերթափոխի անձնա­կազմի կողմից` հերթափոխի պետի պատասխանատվությամբ: Կացարանին կից սահմանա­պահի ծառայողական սենյակի կահավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրա­պետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենը:

15. Այն օտարերկրացիները, ովքեր հատուկ կացարաններում պահվում են 3 ժամից ավելի, ապահովվում են առաջին անհրաժեշտության իրերով և սննդով: Հատուկ կացա­րան­ներում պահվող օտարերկրացիների սնունդն ապահովվում է Հայաստանի Հանրա­պետու­թյան պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետու­թյան կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից, Հայաս­տանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պայմանագիր է կնքվում անցման կետի տարածքում գործող սննդի կետի հետ: Օտարերկրացիները, ըստ ցանկու­թյան, կարող են իրենց սնունդն ապահովել սեփական միջոցներով:

16. Հատուկ կացարաններում պահվող օտարերկրացիները սույն կարգի 3-րդ կետում նշված առաջին անհրաժեշտության իրերով ու պարագաներով ապահովվում են սահմա­նապահ զորքերի կողմից:

17. Հատուկ կացարանների սենյակներում նվազագույն ջերմաստիճանը պետք է լինի + 18˚C:

18. Հատուկ կացարանները պետք է ապահովված լինեն մշտական էլեկտրականու­թյամբ:

19. Հակահրդեհային անվտանգությունն ապահովելու նպատակով հատուկ կացա­րան­­­ներում պետք է տեղադրված լինեն առնվազն 3 կրակմարիչ:

20. Ավտոմոբիլային անցման կետերում գտնվող հատուկ կացարանները մաքրվում և ախտահանվում են սահմանային վերահսկողության տվյալ ստորաբաժանման հավա­քա­րարների կողմից, օդային և երկաթուղային անցման կետերում այն ապահովվում է օդանավակայանի և երկաթուղային կայարանի ադմինիստրացիայի կողմից, իսկ նշված աշխատանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է սանիտարական-կարան­տինային կետերի կողմից:

21. Օտարերկրացիները հատուկ կացարանում պահվելու ժամանակ օգտվում են օրենքով սահմանված իրավունքներից:

22. Հատուկ կացարանները պահպանվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանն այդ նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող միջոցների հաշվին:

23. Հատուկ կացարաններում գտնվելու ժամանակ օտարերկրացիների կողմից ներ­կայացվող առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկվում են օրենքով սահմանված կարգով:

 

IV. ՀԱՏՈՒԿ  ԿԱՑԱՐԱՆՆԵՐԻՑ  ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ  ԱԶԱՏՄԱՆ  ԿԱՐԳԸ

 24. Հատուկ կացարաններից օտարերկրացիները բաց են թողնվում հանգամանքները կամ անձանց ինքնությունը պարզվելուց հետո: Հատուկ կացարաններից օտարերկրա­ցիները բաց են թողնվում սահմանապահ զորքերի հրամանատարի թույլտվությամբ` զեկուցելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտան­­գության ծառայության տնօրենին, կամ ի կատարումն դատական ակտի:    

25. Հատուկ կացարաններում պահվող` ապաստան հայցող անձանց իրավասու մար­միններին հանձնելիս` սահմանապահները կազմում են հանձնման (փոխանցման) ակտ և համապատասխան գրառում են կատարում ապաստան հայցողների գրանցամատյանում:

26. Հատուկ կացարաններից օտարերկրացիներին բաց թողնելիս` սահմանապահ­ները վերադարձնում են վերցված բոլոր իրերը և փաստաթղթերը` բացառությամբ կեղծ փաստաթղթերի և այն իրերի, որոնք իրավախախտման կատարման առարկա են:

27. Վարակիչ հիվանդություններով վարակված օտարերկրացիներին հանձնելուց կամ բաց թողնելուց հետո հատուկ կացարանների սենյակներում իրականացվում է եզրա­­փակիչ ախտահանում: Անցման կետի սանիտարական-կարանտինային կետի կողմից սահ­մանվում է հսկողություն եզրափակիչ ախտահանման աշխատանքների իրականաց­ման նկատմամբ:

 

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

         ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ                                                           Վ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ