Հարգելի այցելուԲարի գալուստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության կայքէջ: Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ գլոբալացման գործընթացներով պայմանավորված, մարդկանց տեղաշարժերը խիստ ակտիվացել են: ԽՍՀՄ փլուզումից և «երկաթե վարագույրի» անկումից հետո մեր երկրի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները նույնպես ներգրավվեցին միգրացիոն գործընթացներում: Մեր հայրենակիցներից շատերը մեկնում են այլ երկրներ աշխատելու, մի մասն իրենց հարազատների հետ վերամիավորվելու, ոմանք էլ պարզապես «բախտ որոնելու» նպատակով: Հայաստանն էլ իր հերթին է միգրանտներ ընդունում: Նրանք ինչպես Հայաստան վերադարձող մեր սփյուռքահայ հայրենակիցներն են, այնպես էլ օտարազգիները, ովքեր գալիս են սովորելու, աշխատելու, ոմանք էլ մշտապես Հայաստանում բնակություն հաստատելու նպատակներով: Ցավոք մարդիկ ոչ միշտ են տեղաշարժվում իրենց ցանկությամբ, հաճախ նրանք ստիպված են լինում լքել իրենց երկիրը, իրենց կյանքն ու ազատությունը վտանգված լինելու պատճառով: Նման պայմաններում 1988-92թթ ընթացքում Ադրբեջանից Հայաստան են բռնագաղթվել հարյուր հազարավոր փախստականներ: Իսկ 2000թ.-ից ի վեր, շուրջ 2.000 օտարերկրյա քաղաքացիներ պաշտպանություն են հայցել Հայաստանից: Մենք հույս ունենք, որ ինչպես միգրանտների վերոհիշյալ բոլոր խմբերը, այնպես էլ միգրացիոն հարցերով հետաքրքրվող բոլոր անձինք, այս էջում կգտնեն իրենց համար օգտակար որևէ տեղեկատվություն, կկարողանան իրական պատկերացում կազմել ՀՀ-ում ընթացող միգրացիոն գործընթացների վերաբերյալ, ինչպես նաև ուղիղ կապ հաստատել մեզ հետ` ակնկալելով ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանները և մեր աջակցությունն իրենց խնդիրների լուծման հարցում: |
|
||||||










